Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել՝ Ֆեյսբուքում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում:
Բաց նամակի հեղինակները հիշեցրել են նաև Ադրբեջանի նախագահի կնոջ և Ադրբեջանի առաջին փոխնախագահի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի:
Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ: Առցանց ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 23 000 մարդ: